ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բլինքենը մեկնում է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Բլինքենը մեկնում է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին մեկնում է Եգիպտոս, որտեղ կփորձի առաջ մղել Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու ջանքերը, ինչպես նաև ամրապնդել երկկողմ կապերը Կահիրեի հետ։ Aյս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվել. լիբանանյան «Հեզբոլլահ»-ը խոստացել է հակահարված տալ Իսրայելին՝ երկրին մեղադրելով սեպտեմբերի 17-ին խմբավորման հազարավոր փեյջերներ պայթեցնելու մեջ, որը 9 զոհի և 3000 վիրավորի պատճառ է դարձել։ 

Իսրայելը հրաժարվել է պատասխանել պայթյունների վերաբերյալ հարցերին:

Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք Լիբանանում տեղի ունեցած միջադեպը կազդի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վրա։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ լարվածությունը նվազեցնելու միջոցը դիվանագիտությունն է:

Միլլերի խոսքով՝ Եգիպտոսի պաշտոնյաների հետ Բլինքենի հանդիպումների օրակարգում հիմնականում այն ​​է, թե ինչպես հասնել առաջարկի, որին կհամաձայնի ինչպես Իսրայելը, այնպես էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։

Այս ուղևորության ընթացքում Բլինքենը չի այցելի Իսրայել, ինչն առաջին նման դեպքն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում տարածաշրջան կատարած նրա այցերի ժամանակ։

 

  • Կիսվել: