հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը

Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի կուլուարներում Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին 21-օրյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը…. ինչպես նաև դիվանագիտական ​​կարգավորումը, որը թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բլինքենն ընդգծել է, որ «հակամարտության հետագա սրումը միայն կդժվարացնի այդ նպատակին հասնելը»։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և Իսրայելի նախարարը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված շարունակական ջանքերը։ Բլինքենը նշել է, որ «բոլոր կողմերը պետք է դժվարին որոշումներ ընդունեն, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար»։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հրադադարի շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնության քննարկումն առաջիկա օրերին։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, ինչպես նաև ԵՄ-ն հայտարարություն են ընդունել՝ Իսրայելին և «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը` պայմաններ ստեղծելու դիվանագիտական ​​կարգավորման համար։ 

 

  • Կիսվել: