ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բեյրութի պայթյունի կապակցությամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երեք հոգու հանդեպ

Բեյրութի պայթյունի կապակցությամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երեք հոգու հանդեպ

Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երկու ռուսաստանցիների եւ մեկ պորտուգալացու հանդեպ, տեղեկացնում է AP-ն:

Ինտերպոլի կողմից թողարկված կարմիր ծանուցումները վերաբերում են 2013թ․ Լիբանան 2750 տոննա ամոնիումի նիտրատ բերած Rhosus նավի տիրոջն ու նավապետին, ինչպես նաեւ՝ նիտրատների պորտուգալացի վաճառականին, որը 2014-ին այցելել է Բեյրութի նավահանգստի պահեստ, որտեղ այն պահվում էր։ Ծանուցումն իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական հարցում ամբողջ աշխարհի իրավապահ մարմիններին՝ փախուստի դիմածներին գտնելու եւ ժամանակավորապես ձերբակալելու նպատակով:

Այն կալանավորման օրդեր չէ եւ չի պահանջում իշխանություններից կալանավորել հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին:

Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ խոսքը նավի նախկին նավապետ Բորիս Պրոկոշեւի եւ Կիպրոսում բնակվող ռուս գործարար Իգոր Գրեչուշկինի մասին է, որը 2012թ․ գնել է բեռնատար նավը, ինչպես նաեւ՝ պորտուգալացի Խորխե Մանուել Միրրա Նետո Մորեիրայի մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 200 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել, եւ ավերվել են հարյուրավոր շենքեր:

 

  • Կիսվել: