Բերդյանսկում 2 անչափահաս է սպանվել. նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է (տեսանյութ)
Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության ծրագրի ղեկավար, Մարդու իրավունքների մեդիա նախաձեռնության համակարգող Օլգա Ռեշետիլովան հայտարարել է Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանգանովի սպանության մասին:
Նրա խոսքով՝ այս գործով դեռևս կան բազմաթիվ անհայտ հանգամանքներ։ Այս մասին Ռեշետիլովան գրել է Facebook-ում:
Ինչպես գրում է nv.ua կայքը, Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հունիսի 24-ին հայտարարել էր ռուսական ուժերի կողմից երկու ուկրաինացու սպանության մասին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»։
«Բերդյանսկում հրաձգության մանրամասները. վերացվել է երկու ուկրաինամետ ահաբեկիչ: Ժամը 19:00-ի սահմանում, երբ բնակիչներն ընտանիքներով հանգստանում էր լողափին, երկու գրոհային ավտոմատներից կրակ են բացել», - գրել է Ռոգովը թելեգրամյան իր ալիքում:
Ռոգովի խոսքով՝ իրավապահ մարմինների լավ համակարգված և օպերատիվ գործողությունների արդյունքում «ահաբեկիչները» սպանվել են:
«Այս պահին հայտնի է, որ նրանցից մեկը եղել է Տիգրան Հովհաննիսյանը, որը նախկինում կալանավորվել է հակառուսական գործունեության համար»,- ընդգծել էր Ռոգովը։
Իր հերթին obozrevatel.com-ը մանրամասնում է, որ անչափահասներ Տիգրան Հովհաննիսյանն ու Նիկիտա Խանգանովը սպանել են ռուս «օկուպանտի» և ռուսական ուժերի հետ համագործակցող մի ուկրաինացի ոստիկանի:
Սոցցանցերում հայտնվել է Տիգրանի մասնակցությամբ տեսանյութը, որում նա ավտոմատով ու մարտավարական ձեռնոցներով է և ասում է. «Երկուսը հաստատ, սա մահ է, տղե՛րք։ Մնա՛ք բարով: Փա՛ռք Ուկրաինային»: Աղբյուրը նկատում է, որ հավանաբար «երկուսը հաստատ» ասելով՝ անչափահասը նկատի է ունեցել երկու հոգու սպանությունը: