կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին

Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին

Բելգորոդի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ տուժել է 93 մարդ, նրանցից 11-ը զոհվել է», - ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Նախարարի տվյալներով՝ ինը հոգու վիճակը ծանր է, բայց կայուն։ Բացի այդ, մարզային մանկական հիվանդանոցում բուժվում է տուժած երկու երեխա։

Բելգորոդ քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ առավոտյան գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզի երկնքում առավոտյան խոցվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 10 հրթիռ։

Ուկրաինայի զինված ուժերն իրենց հերթին հաղորդել են, որ ռուսական ուժերը 22 հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են երկրի տարբեր շրջաններ, ԱԹՍ-ներից 17-ը խոցվել են։ Բացի այդ, ուկրաինական կողմը հաղորդել է Խարկովի և Սումիի մարզերի վրա արձակված հրթիռների մասին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հաղորդել է, որ ռուսական բանակը գնդակոծել է Խերսոնի միկրոշրջաններից մեկը, որի հետևանքով 5-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։

  • Կիսվել: