«Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը կվնասի Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացին». Էրդողանի կուսակցության խոսնակ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին, դա կվնասի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլև կվնասի Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացին»-իր թվիթերյան էջում գրել է Չելիքը:
«Ոչ ոքի ձեռնտու չէ պատմական քննարկումները դարձնել աղյուս` քաղաքականության անունից պատ կառուցելու համար: Քաղաքականության և դիվանագիտության խնդիրը թույլ չտալն է, որպեսզի պատմական քննարկումները գերի վերցնեն ներկան ու ապագան: Եթե քաղաքական գործիչները իրենց պատմաբանների տեղ դնեն, նրանք չեն կատարի իրենց պարտքը, եթե հակառակը լինի` դա կդառնա պատմության չարաշահում»,- նշել է Չելիքը մեկ այլ գրառման մեջ: