չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա». Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

«Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա». Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանի հետ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության արդիական հարցերի, հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության մի շարք ուղղություններով ձեռք բերված արդյունքներից: Նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գործողություններում միջազգային խաղաղության և անվտանգության աջակցության գործում Ադրբեջանի ունեցած ներդրմանը։ Նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝  ՛՛միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՛՛:

Հաղորդվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել Ադրբեջանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները եւ երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելությունում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին դաշինքի հետ համագործակցության համար, հատկապես՝ Աֆղանստանում գործողություններին մասնակցելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը հանուն խաղաղության՝ գործընկերության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան:

  • Կիսվել: