Ավակովն արձագանքել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ իր մասին հայտարարությանը
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը պատասխանել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու համար դիտարկում է իր թեկնածությունը։
Ավակովն իր սոցցանցի էջում, մասնավորապես, նշել է. «Հիմա արդեն պարզ է՝ ինչով էր զբաղված ռուսական քաջարի հետախուզությունը, երբ աչքաթող արեց Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակումը. «տեղեկատվական ռումբ» էին սարքում:
«Հայտարարության մեջ ամեն ինչ սիրուն էր` ամեն մի բառակապակցությունը: «Ամերիկացիները որոշել են փոխել», «վստահել են ՀԿ-ներին», «խորհրդակցել են Տիմոշենկոյի և Պորոշենկոյի հետ», «գտել են ավելի կառավարելի»... Լրիվ վրիպել են։ Ուկրաինական հասարակության մեջ չհաջողվեց բոց անել, բայց մեր զորքերն արդեն ինչ-որ տեղ են՝ Կուրսկի դաշտերում։
Դուք կարող եք շարունակել ձեր գործը. առաջին գծի տղաները կապի մեջ են, մենք քննարկում ենք՝ ինչով օգնել: Ռուսական հեռուստատեսությունը և առցանց հանրությունը տաքանում է տխմար նենգափոխումներով. զվարճանում են, էլի: Հուսով եմ՝ գերտաքացումից կայրվեն»:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել էր. «Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու։
Այդ կապակցությամբ Ավակովն ԱՄՆ-ում դիտարկվում է որպես հարմար թեկնածու, որը թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։
Ամերիկացիներն Ավակովի «ուժեղ կողմերին» են դասում ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ նրա սերտ կապերը և եվրոպական երկրների ղեկավարների հետ պահպանած շփումները»:
Նշվում է, որ ամերիկյան վարչակազմը փոխկապակցված ՀԿ-ներին հանձնարարել է մշակել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի՝ Ուկրաինայում իշխանության գալու սցենարը:
Ներկայում այդ հարցը, ըստ հաղորդագրության, քննարկվում է ուկրաինական առաջատար ընդդիմադիր «Բատկիվշչինա» և «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունների առաջնորդներ Յուլյա Տիմոշենկոյի և Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի մի շարք ազդեցիկ պատգամավորների հետ: