Լիտվան Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին նոր պաշտպանական գոտի կստեղծի
Չորեքշաբթի Լիտվայի կառավարությունը ճշգրտել է Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին հակաշարժունակության ինժեներական միջոցների տեղակայման ծրագիրը, տեղեկացնում է LRT-ն՝ հավելելով, որ փաստաթուղթը սահմանամերձ գոտում նոր պաշտպանական գոտու ստեղծում է նախատեսում:
Նշվում է, որ ըստ ընդունված որոշման՝ Լիտվայի տարածքում, սահմանապահ պարեկային ճանապարհի գծից անմիջապես հետո, նախատեսվում է ստեղծել 20 մետր լայնությամբ ինժեներական արգելապատնեշների գոտի։ Բանակի սահմանած առանձին օպերատիվ շրջաններում նման գոտիները կընդլայնվեն մինչև 150 մետր՝ երկրի խորքը։
Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել էր. «Կազմվել է ամբողջ կոնկրետ ծրագիրը՝ ինչպես է այն երևում հինգ, 20 և 50 կիլոմետր հեռավորության վրա, ինչպիսի ամրություններ պետք է լինեն և ինչ որոշումներ է անհրաժեշտ ընդունել»։
Ինչպես հաղորդվում է՝ Լիտվայի բանակի որոշած վայրերում հակաշարժունակության ինժեներական պարկերը պետք է կահավորվեն մինչև 2028 թվականի վերջը։
LTG Infra ընկերությունը պարտավոր է ապահովել ռազմական նշանակության ինժեներական միջոցների պահպանման և պահեստավորման հնարավորությունը։
Մինչև 2028 թվականի վերջը միաժամանակ երկարացվել է պետական նշանակության ճանապարհների հատվածներում, կամուրջների մուտքերի մոտ պահեստային արգելապատնեշների ստեղծման և կամուրջների վրա պայթուցիկ նյութերի ամրացման համար ինժեներական կառույցների տեղադրման ժամկետը։



