Արաղչին ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Իրանի ինքնապաշտպանվելու իրավունքը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իսլամաբադում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Իրանի՝ ինքնապաշտպանելու և Իսրայելի ագրեսիաներին ջախջախիչ պատասխան տալու իրավունքը, գրում է parstoday.ir-ը:
Ըստ Sahab ցանցի, Արաղչին Պակիստանի արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետությունը լարվածության չի ձգտում, այլ ճանաչում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանվելու իր իրավունքը:
ԻԻՀ ԱԳ նախարարը, բարձր գնահատելով Պակիստանի պետական այրերի դիրքորոշումները Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ, ասել է.-Թեհրանը բարձր է գնահատում Պակիստանի վարչապետի հստակ դիրքորոշումը Իսրայելի հանցագործության դեմ։
Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մուհամմադ Իսհակ Դարը, դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ ոճրագործությունը, ընդգծել է Թեհրանի և Իսլամաբադի ամուր դիրքորոշումը գրավյալ տարածքներում Իսրայելի անօրինական գործողությունների դեմ:
Դատապարտելով Գազայում իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակումը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վրա դրա ավերիչ հետևանքները՝ Իսհակ Դարը հավելել է.-Այս ագրեսիայով Իսրայելը բացահայտորեն խախտել է միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Պակիստանի փոխվարչապետը ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի համար և խոչընդոտ տարածաշրջանի երկրների աճի ու զարգացման համար և ասել. -Թեհրանն ու Պակիստանը հաստատակամ են ահաբեկչության դեմ համագործակցելու և երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում։