հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի սահմանափակելու Իրանի եկամուտները, եթե բանակցությունները ձախողվեն. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի սահմանափակելու Իրանի եկամուտները, եթե բանակցությունները ձախողվեն. Սպիտակ տուն

 ԱՄՆ-ի իշխանությունները նոր միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն Իրանի եկամուտների աղբյուրների սահմանափակմանը, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական փոխգործակցությունը մոտ ապագայում արդյունք չտա:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
 
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա:
«Մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է միջուկային ճգնաժամից խուսափելու համար։ Սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքի ներկայիս տեղաշարժերի լույսի ներքո նախագահն իր օգնականներին հանձնարարել է նախապատրաստվել այն հնարավորությանը, որ դիվանագիտությունն արդյունք չի տա և մենք ստիպված կլինենք անցնել այլ տարբերակների: Դա ստիպում է նախապատրաստվել», - ասել է նա։
 
«Եթե դիվանագիտությունը շուտով ճիշտ ուղու վրա չկանգնի, և եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքներն այսուհետ ևս արագանան, մենք այլ ելք չենք ունենա, քան լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Իրանին եկամուտ բերող (տնտեսության) հատվածների նկատմամբ հետագա սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ», - ընդգծել է Փսակին: Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել։
 
Նա նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատակիցները մտադիր են հաջորդ շաբաթ մեկնել ԱՄԷ՝ իշխանությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար:
 
Փսակիի խոսքով ՝ նախատեսվում է քննարկել Իրանի հետ առևտրային ոլորտին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, հինգշաբթի ավարտվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի շրջանակներում հերթական հանդիպումը։ Այս փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին և դադարեցվել դեկտեմբերի 3-ին։

  • Կիսվել: