կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ը և ԵՄ-ն մոտ են հակառուսական պատժամիջոցների մշակումն ավարտելուն. Bloomberg

ԱՄՆ-ը և ԵՄ-ն մոտ են հակառուսական պատժամիջոցների մշակումն ավարտելուն. Bloomberg

ԱՄՆ-ը և Եվրամիությունը մոտ են հակառուսական պատժամիջոցների մշակումն ավարտելուն, որոնք կարող են սահմանվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին և գաղտնի փաստաթղթեր:

Նշվում է, որ պատժամիջոցները կարող են անդրադառնալ Ռուսաստանի սուվերեն պարտքի հետ կապված գործողություններին։ Բացի այդ, նախատեսվող սահմանափակումներով ռուսական խոշոր բանկերին կարող է արգելվել որոշ միջբանկային գործարքներ կատարել դոլարով: Կարող են սառեցվել որոշ բանկերի և պետության հետ կապված կազմակերպությունների, պետական ձեռնարկությունների ակտիվները և սահմանափակվել կապիտալի շուկաների հասանելիությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և եվրոպական երկրների իշխանությունների ներկայացուցիչները մի քանի շաբաթ շարունակ համաձայնեցրել են հնարավոր պատժամիջոցների մանրամասները: Գործակալության տվյալներով՝ այժմ այդ գործընթացը մոտ է ավարտին: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԱՄՆ-ը և իր եվրոպական դաշնակիցները մինչ այժմ համաձայնության չեն հասել այն հարցում, թե Ռուսաստանի որ գործողությունները կարող են  պատժամիջոցների սահմանման առիթ դառնալ:

  • Կիսվել: