ԱՄՆ նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի անկախության օրվա առթիվ՝ միևնույն ժամանակ հայտարարելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։
Բայդենի ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ասել է, որ դաշնակիցների հետ ցանկանում է պատասխանատվության ենթարկել ՛՛ռուսական ուժերին, որոնք Ուկրաինայում պատերազմի հանցագործություններ են կատարել՛՛։
՛՛Դա ներառում է ուկրաինացի հազարավոր երեխաների բռնի տեղափոխումը Ռուսաստան․․․ Այսօր մենք հայտարարում ենք նոր պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու այդ բռնի տեղափոխությունների և տեղահանումների պատասխանատուներին, և պահանջում ենք ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներ՛՛, -նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային ՛՛ազատության համար իր պայքարում հիմա և երկարաժամկետ հեռանկարում՛՛։