ԱՄՆ-ն հայտնել է Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամների զոհվելու մասին
Իրաքում ինքնաթիռի վթարի հետևանքով վեց հոգուց բաղկացած ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ զինված ուժերը՝ հավելելով, որ միջադեպը չի եղել «թշնամական կրակի» հետևանքով։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար պատասխանատու ռազմական հրամանատարությունից, մասնավորապես, նշել են. «Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամները մահացել են։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի կորուստը պայմանավորված չի եղել ո՛չ թշնամական, ո՛չ էլ բարեկամական կրակով»:
Նշենք, որ սա Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից հաստատված զոհերի ընդհանուր թիվը հասցնում է 13-ի։


