հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև անհապաղ 21-օրյա հրադադարի կոչ են արել

ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև անհապաղ 21-օրյա հրադադարի կոչ են արել

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրա մեջ նաև նշվել է, որ դիվանագիտությունը «չի կարող հաջողության հասնել հակամարտության սրման պայմաններում»:

«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար և իրական հնարավորություն տալ դիվանագիտական կարգավորմանը», - ասված է հայտարարությունում:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ողջունել է կոչը և ասել, որ Իսրայելը գերադասում է դիվանագիտական լուծումը: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Իսրայելը չի վարանի ուժ կիրառել, եթե գործարքը չհամապատասխանի այն պայմաններին, որոնք թույլ կտան իսրայելցիներին ապահով վերադառնալ իրենց տները:

  • Կիսվել: