չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի

ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի

ԱՄՆ-ն ուսումնասիրում է մինչև ձմեռ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դեէսկալացիայի հնարավորությունը և ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ մոտ այնպիսի զգացողություն կա, որ Պուտինին Թրամփն է պետք։ Նա չի ուզում նրան հիասթափեցնել»:

Զելենսկիի խոսքով՝ նույնիսկ եթե Պուտինը չցանկանա դեէսկալացիայի գնալ, Թրամփի վարչակազմը կարող է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի նա դա անի։

Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Պուտինը ցանկանու՞մ է ԱՄՆ ընտրություններից առաջ Թրամփին ապահովել դիվանագիտական հաղթանակ, Զելենսկին դրական պատասխան է տվել և հավելել, որ ամերիկացի բանագնացներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի՝ «ռուսները պատրաստ են բանակցությունների»։

Նա նաև նշել է, որ ամերիկացի բանագնացները Մոսկվա և Կիև ժամանել են առաջին հերթին դիվանագիտական գործընթացը «ապաշրջափակելու» համար, սակայն իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ։ Զելենսկին հրաժարվել է բացահայտել բոլոր մանրամասները, բայց ասել է, որ քննարկումների մի մասը վերաբերում էր Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից մինչև ձմեռ և դրա ընթացքում դեէսկալացիայի հնարավոր քայլերին։

Զելենսկիի խոսքով՝ նպատակը կլինի մինչև ձմեռը կամ դրա ընթացքում գտնել այնպիսի քայլեր, «որոնք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը»։

  • Կիսվել: