ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտոնյաները Մադրիդում բանակցություններ են սկսել
Այսօր Մադրիդում բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ բանակցությունները կապված են իրենց լարված առևտրային հարաբերությունների, կարճ տեսահոլովակների համար նախատեսված TikTok չինական հավելվածի վաճառքի մոտեցող ժամկետի, ինչպես նաև ռուսական նավթի գնումների պատճառով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի՝ իր դաշնակիցներին ուղղված պահանջների հետ:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, իսկ Չինաստանի կողմից՝ փոխվարչապետ Հե Լիֆենը և բանակցություններում Չինաստանի գլխավոր առևտրային ներկայացուցիչ Լի Չենգանը:
Սա վերջին չորս ամիսների ընթացքում չորրորդ հանդիպումն է, երբ կողմերը հավաքվում են եվրոպական քաղաքներում՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների քայքայումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։
Վերջին անգամ պատվիրակությունները հանդիպել են հուլիսին՝ Ստոկհոլմում, որտեղ սկզբունքորեն համաձայնել են 90 օրով երկարացնել առևտրային հրադադարը։ Այդ քայլը զգալիորեն նվազեցրել է երկկողմանի բարձր տոկոսադրույքներով մաքսատուրքերը և վերականգնել է Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային միներալների մատակարարումը։
Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն կերկարացնի գործող մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ ընդհանուր մոտ 55 տոկոս դրույքաչափով մինչև նոյեմբերի 10-ը։


