ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք են բերվել փոխըմբռնման որոշ առաջընթացներ. աղբյուր
ԱՄՆ-ի և Թեհրանի միջև ձեռք են բերվել «փոխըմբռնման որոշ առաջընթացներ», և Իրանը պատրաստ է լսել պատերազմի դադարեցման վերաբերյալ «կայուն» առաջարկներ։ Այս մասին CNN-ին հայտնել է իրանական աղբյուրը:
Անանուն աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին Միացյալ Նահանգների և Իրանի միջև փորձեր են արվել կապ հաստատելու ուղղությամբ, որոնք նախաձեռնվել են Վաշինգտոնի կողմից, սակայն լիարժեք բանակցություններ չեն եղել։ Տարբեր միջնորդների միջոցով փոխանցվել են ուղերձներ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է հասնել պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնության։ Քննարկվող առաջարկները միտված են ոչ թե պարզապես հրադադարի հաստատմանը, այլ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ավարտի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրի ձեռքբերմանը»։
Նա հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարությունները բանակցությունների մասին և ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը մշտապես հստակ է եղել․ Թեհրանը պատրաստ է դիտարկել ցանկացած կենսունակ առաջարկ։
«Իրանը չի խնդրում հանդիպում կամ ուղիղ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, սակայն պատրաստ է լսել, եթե ներկայացվի կայուն համաձայնության ծրագիր, որը կպահպանի Իրանի ազգային շահերը։
Իրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի զարգացնի միջուկային զենք, սակայն ունի իրավունք՝ խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները»,-նշել է աղբյուր և հավելել, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների չեղարկումը։


