Ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակվելու է. ՌԴ ԱԳՆ
Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնեցրել են դեսպանատների աշխատանքի ֆինանսավորման քայլերը և քննարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:
Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում և տևել են մոտ վեցուկես ժամ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ հանդիպումը եղել է բովանդակալից և գործնական: Նշվում է, որ երկխոսությունը շարունակվելու է։
Վաշինգտոնը նույնպես կառուցողական է գնահատել Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության անձնակազմի համալրման անհրաժեշտությունը։
«Կառուցողական քննարկումների արդյունքում կողմերը նախանշել են նախնական հստակ քայլեր՝ դիվանագիտական առաքելությունների գործողությունները կայունացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։