ԱՄԷ-ում ԱԹՍ-ների դեմ պայքարի պահեստի վրա հարվածի հետևանքով զոհվել է 21 ուկրաինացի. ԻՀՊԿ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարել է, որ ԱՄԷ-ում ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի պահեստին հասցված հարվածի հետևանքով, հավանաբար, Ուկրաինայի 21 քաղաքացի է զոհվել: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars-ը։
Ըստ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության՝ Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների թաքստոցներին հասցված հարվածին զուգահեռ, որի հետևանքով նրանք ծանր կորուստներ են կրել, հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինային պատկանող՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի պահեստը։
Նշվում է նաև, որ այդ պահեստը գտնվում էր Դուբայում և օգտագործվում էր ԱՄՆ բանակին օգնություն ցուցաբերելու համար։ Հարվածի պահին օբյեկտում գտնվել է Ուկրաինայի 21 քաղաքացի։ Պահեստը խոցվել է ԻՀՊԿ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրթիռային ու անօդաչու ստորաբաժանումների համակցված գործողության ընթացքում և ամբողջությամբ ոչնչացվել է։
Օբյեկտում գտնվող՝ Ուկրաինայի քաղաքացիների ճակատագրի մասին տեղեկություններ չկան, սակայն ենթադրվում է, որ նրանք կարող են զոհված լինել։


