հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալթայի Հանրապետությունում կործանվել է Մի-8 ուղղաթիռ

Ալթայի Հանրապետությունում կործանվել է Մի-8 ուղղաթիռ

Ալթայի Հանրապետությունում կործանվել է ուղեւորներ տեղափոխող Մի-8 ուղղաթիռը, զոհվել է վեց մարդ։ Ուղղաթիռը հարվածել է էլեկտրագծերին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են բժշկական ծառայությունում։

«Ուստ Կոկսի շրջանի Թյունգուր բնակավայրում վայրէջքի գոտի մտնելիս «Ալթայ ավիա» ավիաընկերության Մի-8  ուղղաթիռը հարվածել է էլեկտրագծերին, ընկել եւ այրվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվել է, որ երեք մարդ ծանր վիճակում է։ «Ուղղաթիռում 13 ուղեւոր կար, երեք օդաչու։ Ութ մարդ տուժել է, նրանցից երեքը՝ ծանր, [մարմնի] 90 տոկոսի այրվածք»,- ասել է գործակալության զրուցակցուհին՝ նշելով որ վեց զհոերի մասին տեղեկությունը ճշտվում է։ Սկզբում տեղեկացվել էր յոթ տուժածի մասին։

Նա նշել է, որ տեղում աշխատում են քննչական մարմինները։

ԱԻՆ-ում հաստատել են ուղղաթիռի կործանումը եւ տեղեկացրել, որ տեղում աշխատում են հրշեջները։ Գերատեսչությունում հաստատել են, որ զոհվել է վեց մարդ, տուժել յոթը։

Ավիացիոն ծառայությունների տվյալներով՝ ուղղաթիռում զբոսաշրջիկներ էին։ Ինչպես նշել են «Ռոսավիացիայում», թռիչքը էքսկուրսիոն խումբ էր տեղափոխում։

Օդային երթեւեկության կազմակերպության միասնական համակարգի տարածաշրջանային կենտրոնի տեղեկացմամբ՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Գոռնոալթայսկից 200 կիլոմետր հարավ։ «Ուղղաթիռում եղել են անձնակազմի 3 անդամ եւ 12 ուղեւոր, նրանց վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է»,- նշել են «Ռոսավիացիայում»։

Բժիշկների տվյալներով՝ անձնակազմի երեք անդամները չեն տուժել։ Ինչպես հաղորդել են Ուստ Կոկսի շրջանի վարչությունում, 10 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Գիտենք, որ երեք օդաչու է եղել, կան զոհեր, կա 10 տուժած»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Պատահարի վայրում աշխատում են նաեւ օպերատիվ ծառայությունները։ Նրանք, իրենց հերթին, տեղեկացրել են, որ ուղղաթիռն այրվել է ամբողջովին։ Գետնի վրա, նախնական տվյալներով, ավերածություններ եւ զոհեր չկան։ Պատահարի վայրում հրդեհը տեղայնացվել է 150 քառակուսի մետր մակերեսի վրա։ Ավելի ուշ ԱԻՆ-ում նշել են, որ  հրդեհը հանգցրել են։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ տուժածներին ուղղաթիռով կտեղափոխեն Բառնաուլ։ Օգնություն ցուցաբերելու համար Գոռնոալթայսկից թռել է «Ռոսավիացիայի» տարածաշրջանային փրկարար կենտրոնի Մի-8 ուղղաթիռը։ «Ալթայ ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որը աշխատում է աղետի շրջանում, տարհանել է երկու տուժածի եւ տարել Ուստ Կոկսի  բուժհաստատություն»,- նշել են գերատեսչությունում։

Թյունգուր գյուղը զբոսաշրջային կենտրոն է։ Գտնվում է Ալթայի Հանրապետության Ուստ Կոկսի շրջանում, Կատունի ափին, Գոռնոալթայսկից մոտ 380 կիլոմետր եւ Բելուխա լեռից 43 կիլոմետր հեռու։

  • Կիսվել: