կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է՝ «եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կկնքվի»

Ալիևը հայտարարել է՝ «եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կկնքվի»

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք:

«Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն, մեր առաջ քաշած պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և այս պայմաններով պետք է խաղաղության պայմանագիր կնքվի»,- այդ մասին Շուշիում, զինծառայողների առջև ելույթ ունենալով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանը բարի կամք ցուցաբերի, պայմանագիրը կստորագրվի, եթե ոչ, ապա չի ստորագրվի. «Այս խոսքերը, որ ասում եմ, ունեն հիմք՝ մեր ուժեղ կամքն ու հաղթանակը հայրենական պատերազմում: 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։ Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ:

Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը։  

  • Կիսվել: