ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2023 թ. COVID-19-ի համավարակը կավարտվի

ԱՀԿ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2023 թ. COVID-19-ի համավարակը կավարտվի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վստահ է, որ 2023 թ.-ին COVID-19-ի համավարակը կավարտվի, և այս հիվանդության պատճառով հայտարարված միջազգային արտակարգ իրավիճակը կվերացվի։

 Գեբրեյեսուսը նման հայտարարություն է արել Թոմաս Ֆրենսիս կրտսերի մեդալով պարգևատրման արարողության ժամանակ: ԱՀԿ-ի ղեկավարը նման մեդալի է արժանացել առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար։ 

«Վստահ եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կկարողանանք ասել, որ COVID-19-ն ավարտվել է որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային մտահոգության արժանի արտակարգ իրավիճակ և որպես համավարակ», - ասել է Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ»։

«Այժմ մենք, անշուշտ, շատ ավելի լավ վիճակում ենք, քան երբևէ համաճարակի ժամանակ», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «առաջին անգամ շաբաթական գրանցված մահերի թիվն այժմ ավելի քիչ է», քան այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ օգտագործեց «համավարակ» բառը՝ բնութագրելով SARS-CoV-2-ի տարածումը:

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ հարկավոր է ազնվորեն գնահատել համավարակը և դրանից դասեր քաղել, «որպեսզի այլևս չկրկնեն նույն սխալները»:

Համավարակի «դասերի» թվում, Գեբրեյեսուսն անվանել է առաջին հերթին ամուր հանրային առողջապահական համակարգը՝ կոչ անելով բոլոր երկրներին ներդրումներ անել այդ ոլորտում:

Երկրորդ դասը գիտության կարևորությունն է: ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ համավարակի ողջ ընթացքում գիտությունը մարդկանց տրամադրել է գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես է վիրուսը տարածվում և ինչպես կանգնեցնել այն:

Իսկ երրորդ դասն, ըստ Գեբրեյեսուսի, համագործակցությունն է: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կար համագործակցության և համակարգման պակաս, քանի որ պետությունները չէին կարողանում համահունչ գլոբալ արձագանք ձևավորել:

  • Կիսվել: