շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում ճառագայթման արտահոսքի մասին

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում ճառագայթման արտահոսքի մասին

Իրանի Նաթանզում (Սպահանի նահանգ) տեղակայված ուրանի հարստացման կարևոր օբյեկտի վրա Իսրայելի՝ գիշերը կատարած հարձակումներից հետո օբյեկտի ներսում ճառագայթում է արտանետվել ալֆա մասնիկների տեսքով: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում է ISNA-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Նաթանզի օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնացել է անփոփոխ։ Օբյեկտի ներսում առկա ռադիոակտիվ աղտոտվածության տեսակը, հիմնականում ալֆա մասնիկները, կարելի է վերահսկել համապատասխան պաշտպանիչ միջոցառումներով»:

Իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին պնդում է, որ Իսրայելի հարձակումները Նաթանզի միջուկային օբյեկտին լուրջ վնաս չեն հասցրել, և ճառագայթման արտահոսքի չեն հանգեցրել։

«Լավ է, որ վնասը եղել է գետնի մակարդակում, և մենք զոհեր չենք ունեցել։ Ճառագայթման արտահոսքեր էլ չեն եղել, որոնք կարող էին մտահոգություն առաջացնել բնակչության շրջանում։ Մենք ներկայում գնահատում ենք վնասը»,-ասել է նա:

Ավելի վաղ Սպահանի նահանգապետի անվտանգության ծառայության պետի տեղակալ Աքբար Սալեհին հայտնել էր, որ Նաթանզի օբյեկտում միջուկային աղտոտման մասին հաղորդագրություններ չկան։

  • Կիսվել: