Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության
Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված Դեպի գաղութատիրության լիակատար վերացում՛՛ միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, ասել էր, որ Ֆրանսիան «շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը» և որ Ադրբեջանը ՛՛խիստ մտահոգված է՛՛ նեոգաղութատիրության աճող միտումով:
Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։