կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Ադրբեջանի քաղաքացիները կես միլիոն լարիի 6 կգ ոսկի են անօրինականորեն ներմուծել Վրաստան

Ադրբեջանի քաղաքացիները կես միլիոն լարիի 6 կգ ոսկի են անօրինականորեն ներմուծել Վրաստան

«Սարպի» մաքսային անցակետով (թուրք-վրացական սահման) Վրաստան են ներմուծվել առանձնապես խոշոր չափով չհայտարարագրված ոսկյա իրեր, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Այսպես, հունվարի սկզբին հետաքննչական ծառայության աշխատակիցներն արձանագրել են մինչև 6 կգ ընդհանուր քաշով թանկարժեք իրերի՝ «Սարպի» անցակետով անօրինական ներկրման երեք դեպք։ Թանկարժեք իրերի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 500 հազար լարին (շուրջ 210 հազար դոլար)։ Հետաքննության տվյալներով՝ չհայտարարագրված ոսկերչական իրերի՝ երկիր ներմուծումն իրականացրել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք բեռնատար ավտոմեքենայով Թուրքիայից տարբեր ապրանքներ են տեղափոխել Ադրբեջանի ուղղությամբ։

Հետաքննությունը տարվում է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում» հոդվածով և պատժվում է 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ։

  • Կիսվել: