Աբխազիան ուժեղացրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը
Աբխազիայի իշխանություններն ուժեղացրել են Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը և հանձնարարել են պահպանության տակ առնել կրիտիկական ենթակառուցվածքները՝ կապված Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին տեղեկացնում է Աբխազիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Աբխազիայի պետական անվտանգության ծառայությանը հանձնարարված է ուժեղացնել Ինգուր և Պսոու գետերի սահմանային անցակետերի հսկողությունը և պահպանության տակ առնել կրիտիկական ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները։ Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և ՊԱԾ-ին կարգադրված է մշտական կապի մեջ լինել Աբխազիայում ՌԴ ԶՈՒ 7-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ վարչության ներկայացուցիչների հետ։
Բացի այդ՝ ՆԳՆ-ին հանձնարարված է օպերատիվ կարգով ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանման համալիր միջոցառումները, այդ թվում նախատեսված զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։