շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
2024 թ. արձանագրված փոփոխությունները հյուպատոսական ծառայություններում. ԱԳՆ

2024 թ. արձանագրված փոփոխությունները հյուպատոսական ծառայություններում. ԱԳՆ

2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը:

2024 թ. արձանագրված փոփոխությունները.

Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից:

2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը.

2023 թ. համեմատությամբ 2024 թ. ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:

ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ներդրվել է հերթագրման նոր՝ Earlyone համակարգը, որը հասանելի է ինչպես ՀՀ դեսպանությունների կայքերում, այնպես էլ Earlyone բջջային հավելվածով։

Կիրառվել է տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ընթացակարգը (մանրամասն նկարագրված է ԱԳՆ կայքի Հյուպատոսական ծառայություն բաժնի նորաստեղծ «Տեսակապով ծառայություններ» ենթաբաժնում), որը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հեռու գտնվող վայրերում ապրող քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ նոր անձնագիր՝ առանց դեսպանություն այցելելու։

Հյուպատոսական ծառայությունների մատուցումը և ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցության տրամադրումնն ապահովվել է նաև Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման պայմաններում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապահովել են աշխատանքների շարունակականությունը, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների հետ կապն իրականացվել է նաև թեժ գծի միջոցով:

  • Կիսվել: