կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024

2023-ի հուլիսը կարող է լինել ամենաթեժը համաշխարհային պատմության մեջ. ԵՄ Copernicus ծրագիր

2023 թվականի հուլիսը կարող է լինել ամենաշոգը համաշխարհային պատմության մեջ` համաձայն Եվրոպական միության Երկրի դիտարկման Copernicus ծրագրի տեղեկատվության:

«Հուլիսի առաջին 15 օրերը եղել են աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ օրերը ջերմաստիճանի առումով։ Հուլիսը կարող է լինել ռեկորդային ամենաշոգ ամիսը»,- ասել է Copernicus-ի կլիմայական դիտարկումների ղեկավար Կառլո Բուոնտեմպոն ծրագրի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Փորձագետը նշեց, որ հուլիսը, սկզբունքորեն, տարվա ամենաշոգ ամիսն է, սակայն այս տարի ջերմաստիճանի բարձրացման վրա ազդում են մի շարք գործոններ՝ Էլ Նինիոյի էֆեկտ՝ Խաղաղ օվկիանոսի մակերևութային շերտի տաքացում, աշխարհի տարբեր մասերի կլիմայական ռեժիմների վրա ազդող, Ատլանտյան օվկիանոսի շոգ և կլիմայի տաքացում:

«Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է կլիմայական համակարգերի գերտաքացմանն ամբողջ աշխարհում: Գարնանից նկատվում է օվկիանոսների գերտաքացում, հատկապես Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում, այս երեւույթի մասշտաբներն ու արագությունը զարմացնում են ողջ աշխարհի գիտնականներին»,- հավելել է նա։

Գիտնականը նշել է, որ այս ամառվա ջերմաստիճանի ռեկորդները «սպասելի էին», այս մասին գիտնականները զգուշացնում էին վերջին 20 տարիների ընթացքում։

Աշխարհի շատ երկրներում այս ամառ ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, մի շարք շրջաններում սահմանափակում են ջրի օգտագործումը, օդորակիչների աշխատանքի պատճառով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը։

Ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել եվրոպական երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլն, Չինաստանում և ԱՄՆ-ում։ Հունաստանում շոգերի ֆոնին արդեն մի քանի օր է, ինչ հրդեհներ են մոլեգնում։ Օդերեւութաբանները զգուշացնում են քաղաքացիների և անասունների առողջության համար բարձր ջերմային վտանգների, երաշտի և բերքի վտանգի մասին:

  • Կիսվել: