ԶՊՄԿ գործադուլավորները մասնակցում էին Փաշինյանի մոտ քննարկման․ «Հրապարակ»
«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկմանը մասնակցել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը եւ եւս 4 հոգի, որոնք աշխատում են կոմբինատում։
Կոմբինատի գործադուլի առաջին օրերից տեղեկություններ էին հասնում, որ խժդժությունների ետեւում իշխանությունն է կանգնած, եւ ակցիան ուղղված է ռուսների դեմ, ինչին դժվար էր հավատալ, որովհետեւ ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ 23 տոկոսի բաժնետերն է, եւ կոմբինատն ահռելի հարկեր է վճարում բյուջե: Սյունիքից փոխանցում էին, որ գործադուլավորների հետ ինտենսիվ կապի մեջ են ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Ի դեպ, 5 օր առաջ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել կապանցիներին` վարչապետի առաջարկին ընդառաջ, 70 հոգանոց խումբ ձեւավորել եւ նրան հյուրընկալել Կապանում՝ «իրական Հայաստանի» նախագիծը քննարկելու։ Սա եւս մատնում է, որ ՔՊ-ականները նախաձեռնողականություն են դրսեւորում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով։ Եվ, վերջապես՝ որպես կանոն, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին մասնակցում են նրա համակիրներն ու գաղափարակիցները, որոնց մինչեւ յոթը պորտը նախապես տնտղում են, նոր միայն հրավիրում նրա հետ հանդիպման, որ տհաճ անակնկալների չբախվեն։
Կարելի է փաստել, որ Հայաստանի թիվ 1 հարկատուի աշխատանքը 11 օր խափանած եւ օրական կոմբինատին 400 միլիոն դրամի վնաս տված նախաձեռնությունը գործող իշխանությունների սրտով է։ Վահե Մխիթարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խոր անվստահություն ունի «հարգարժան» վարչապետի եւ գործող իշխանությունների նկատմամբ։ Ասաց, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկմանը մասնակցել են շատ պատահականորեն` վարչապետի էջում կարդացել են հրավերը, դիմել, եւ, ի զարմանս իրենց, հաստատել են հայտը։
Ներկայացնում ենք մեր զրույցը Մխիթարյանի հետ։ Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում, 8 հեռացված աշխատակցի վերականգնում եւ կոմբինատի արհմիության փոփոխություն:
- Դուք ԶՊՄԿ-ի գործադուլի ակտիվ կազմակերպիչներից եք, ի՞նչ արդյունքներ տվեց գործադուլը, ձեր պահանջներին ընդառաջ գնացի՞ն։
- Ես արդեն նախկին աշխատակից եմ․․․ ինչ վերաբերում է՝ ակտիվ, ես ակտիվ էի ԶԼՄ-ների հետ շփումներում, գործադուլն ինքնաբուխ էր։
- Բոլոր դեպքերում, ակտիվիստների մեջ էիք։
- Կարող ենք այդպես ասել։
- Կոմբինատի ղեկավարությունն ի՞նչ փոփոխությունների է գնացել գործադուլից հետո։
- Որոշակի փոփոխություններ, իհարկե, կան, բայց, ցավոք սրտի, աշխատանքային իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, կարելի է ասել՝ զրոյական մակարդակում են, օրենքը չի սպասարկում աշխատանքի իրավունքը, ինձ թվում է՝ տարիներ են պետք, պայքարը պետք է անդադար լինի, որի մեջ, բնականաբար, մենք գտնվում ենք, եւ կապ չունի, որ այժմ աշխատակիցներ չենք։ Որոշակի ձեռքբերումներ կան, մեր պահանջներից մեկն ապահովագրական նոր կազմակերպություն ունենալն էր, եւ հայտարարվել է, որ նոր տենդեր է հայտարարվել, աշխատավարձերը որոշակիորեն բարձրացել են, մարդիկ կան՝ գոհ են, մարդիկ կան՝ դժգոհ, առաջիկայում բոլորը կստանանք, մոնիթորինգ կանենք, կհասկանանք։ Իսկ այս հաշվեհարդարը ցույց է տալիս, որ խնդիր բարձրաձայնողների դեմ գնում է տոտալ պայքար։
- Ձեր գործազրկության մասի՞ն է խոսքը, Ձեր նկատմա՞մբ են հաշվեհարդար տեսնում։
- Այո, 8 հոգու ազատելը եւ սոցիալական խնդիրներն ավելի խորացնելը, հաստատ, կառուցողական գործելաոճի մասին չի խոսում։
- Ձեր ազատման պատճառը ո՞րն է եղել։
- Հիմնավորումը եղել է անվստահությունը՝ կոնկրետ իմ մասով, տարբեր աշխատողներ տարբեր հիմնավորումներով են ազատվել, 3 հոգին գտնվել են արձակուրդում, ինչն Աշխատանքային օրենսգրքի խախտում է, դատական կարգով փորձելու ենք վերականգնվել։ Ինքս չեմ ուզում վերադառնալ ԶՊՄԿ, բայց դա ինձ համար սկզբունքի հարց է, պետք է վերադառնալ աշխատանքի՝ սկզբունքի համար։
- Ձեր նկատմամբ անվստահությունը պայմանավորված էր նրանով, որ սերտ հարաբերություննե՞ր ունեիք ՔՊ-ականների հետ, ի դեպ, Դուք է՞լ եք ՔՊ-ական։
- Դուք սխալվում եք, ես երբեւէ կուսակցական չեմ եղել։
- Բայց սերտ շփումներ ունեք, այնպես չէ՞։
- Հետաքրքիր է՝ ո՞վ է այդ ինֆորմացիան Ձեզ փոխանցել։ Ես իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահություն ունեմ եւ բազմիցս հրապարակային խոսել եմ այդ մասին։
- Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք իշխանությունների նկատմամբ ունեցած «տոտալ անվստահությունը» եւ մասնակցեցիք Փաշինյանի հետ այդ քննարկմանը` նման քննարկումներին հիմնականում իշխանության համախոհներն են լինում։
- Մարդը փաստացի պետության ղեկավարն է, հենց այդ պահից օրը 24 ժամ ռեժիմով ոտնահարվում են աշխատավորների իրավունքները, առավել եւս՝ իմ եւ Ձեր հայրենակիցներին թունավորում են եւ սպանում, ինչ-որ մեկը դրա համար պե՞տք է պատասխան տա, պե՞տք է հարցնենք, թե՞ ոչ դրա մասին։
- Ժամանակին քննադատական քոմենթներ եք գրել: Ձեր ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում Նիկոլ Փաշինյանին ասում եք, որ իր թիմը մի անցումի հարց չի կարող լուծել, ի՞նչ հույսով էիք գնացել․․․
- Ես Ձեզ ասեմ, որ մենք օգտվել ենք հնարավորությունից եւ բարձրաձայնել ենք Քաջարանի հետ կապված խնդիրը։ Մարդը հայտարարել է, որ իր գաղափարախոսությունների մասով քննարկում է, մենք էլ դիմել ենք, գնացել եւ ասել ենք, որ իրական Հայաստանում մենք էլ ենք ապրում։
- Ինչպե՞ս եք իմացել քննարկման մասին։
- Իր էջից կարդացել ենք, մեր անունները գրել ենք, որ ուզում ենք մասնակցել, մի քանի օր հետո մեյլով պատասխանեցին, մենք էլ էինք զարմացել, կարծում էինք՝ չէին հրավիրի։
- Ի՞նչ եք խոսել, ինչ-որ բան հարցրե՞լ եք։
- Նախ առաջինը՝ պետական համակարգը զրո արդյունավետությամբ է աշխատում, որի արդյունքները մենք տեսանք: Տեսանք, որ ո՛չ գործարանը, ո՛չ պետությունը չունեն հակաճգնաժամային կառավարման որեւէ մեխանիզմ․ 11 օր կանգնել էր թիվ 1 հարկատուն, եւ որեւէ միջամտություն չկար, չկա մշակված մեխանիզմ, թե ինչպես հարթել խնդիրը։ Եվ հետո մեր հարգարժան պարոն Փաշինյանին ասել ենք՝ մեր վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնող, երկրի պետական ապարատն առաջնորդող մարդ, ինչպե՞ս է ստացվում, որ մենք 11 օր աղաղակում ենք մարդու արժանապատվության եւ առողջության հետ անհամատեղելի աշխատանքային պայմանների մասին, բայց աշխատանքի տեսչությունը ոնց որ տեղից իրար չի գալիս։ Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ դա կարող է լինել վատ կառավարում կամ հսկայական կոռուպցիոն ռիսկ։ Անձամբ ես եմ աշխատանքային տեսչության մասին հարց տվել, տեղեկացրել եմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը գործադուլից մի քանի օր հետո մասնակցել է պարոն Խուդոլիի ծննդյան տարեդարձին, խոսքը Պետրոս Մարտիրոսյանի մասին է, որը վերջերս թեկնածություն էր առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար:
- Իսկ Փաշինյանը պատասխանե՞ց հարցին:
- Դե, ասաց, որ կճշտեմ, եւ, օգտվելով իր առաջարկից, որ 70 հոգանոց խմբեր եթե հավաքեք, ինքը կգա․․․ հրավիրել ենք, սպասելու ենք Քաջարանում եւ այս երկխոսությունը տանելու ենք հանրային հարթակ: Իսկ երեկվա հավաքին մասնակցել ենք 5 հոգով՝ ես, Շավարշը՝ Մարգարյան, եւս 3 հոգի։
- Վերջը՝ ի՞նչ ակնկալիքով էիք 5 հոգով գնացել քննարկմանը, եթե անվստահություն ունեք, համարում եք, որ հարց չեն կարողանում լուծել։
- Գլխավոր պահանջը բաց հարթակն է, որտեղ կարելի է արտահայտվել ՀՀ-ում աշխատավորների իրավունքների ոտնահարման մասին, խոսքը միայն կոմբինատին չի վերաբերում։
- Փաշինյանի հետ հանդիպման մյուս մասնակիցներն ի՞նչ խնդիրների մասին էին խոսում։
- Չեմ կարող ասել, տարբեր խնդիրներով։