երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Կպել ա, քերենք․ Ավինյանը զայրացավ 4-րդ կարգի վթարային շենքից տեղափոխվել չցանկացողների վրա

Կպել ա, քերենք․ Ավինյանը զայրացավ 4-րդ կարգի վթարային շենքից տեղափոխվել չցանկացողների վրա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը զայրացավ, որ Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնության 2 հանրակացարաններից 5 ընտանիք հրաժարվում է տեղափոխվել, որովհետև համաձայն չէ իրենց առաջարկվող նոր բնակարանների հետ։ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հայտարարեց, որ նոր բնակարաններով ապահովելը քաղաքապետարանի կողմից ոչ թե պարտավորություն է, այլ բարի կամքի դրսևորում։
 
Քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը նշեց, որ իրենց գնահատմամբ՝ հարցը կարող է տեղափոխվել դատական միջավայր։ Մինչ այդ փորձելու են ևս մեկ անգամ բանակցային ճանապարհով հարցերը կարգավորել, չհաջողելու դեպքում գերակա շահի որոշման նախաձեռնությամբ հանդես կգան։
Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի խոսքով՝ այս շենքերի 60 ընտանիքի տրվել է այլ բնակարան կամ բնակարանի գնման հավաստագիր, սակայն այս 5 ընտանիքների հետ բանակցությունները ոչ մի կերպ հաջողության չեն հասնում։ Ըստ Խաչատրյանի՝ իրենց 18 քառակուսի մետր սենյակի դիմաց քաղաքապետարանն առաջարկում է 1-սենյականոց բնակարան, ինչին չեն համաձայնում, ավելի շատ սենյակներով տուն են ուզում։
 
«Այսինքն՝ 18 քառակուսի մետր տարածքում, փլվող շենքում բնակվող անձը, ում վստահաբար ավելի շատ քառակուսի մետր տարածքով բնակարան է առաջարկվում, ասում է՝ ո՞չ, ինձ մի՞տվեք։ Միգուցե պետք չէ ոչ մի բան տալ։ Ինչի՞ ենք մեր կյանքը բարդացնում»,- զայրացավ Ավինյանը։
Հավելեց, որ այն սենյակները, որտեղ ապրում են այդ ընտանիքները, բնակարան կոչել չի կարելի։ Ըստ քաղաքապետի՝ «դա չափազանց բարձրագոչ» կլինի։ Շեշտեց՝ եթե մարդիկ չեն ցանկանում դուրս գալ այնտեղից, որտեղ տանիքը մի օր փլվելու է գլխներին, ապա պետք չէ ստիպել։
«Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ մարդիկ լսում են՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ ծրագիր է ուզում անել, որ հանի իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից, մեկ էլ ասում են՝ էդ ա, կպել ա, կներեք արտահայտությանս համար, էկեք, քերենք։ Է հետո՞․․․ Չենք տալիս էդ 5 բնակարաններին, եթե մարդիկ ուզում են, որ տանիքն իրենց գլխին փլվի, ի՞նչ անենք, էդ ա ուզում էդ մարդը»,- զայրացավ Ավինյանը։
Արգելեց գերակա շահի որոշման գործընթաց սկսել, հավելեց՝ թող մնան այդ բնակարաններում։ Խիստ պատվիրեց կապարակնքել արդեն ազատված բնակարաններն ու թույլ չտալ, որ դրանցում նոր մարդիկ բնակվեն։

  • Կիսվել: