Մոսկվայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տուժածներ
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բազմաբնակարան շենքի 9-րդ հարկում մայիսի 4-ի երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, վեցը՝ տուժել, այդ թվում՝ երկու երեխա։ Տանիքը փլուզվել է երկու այրվող բնակարանների վրա, փլուզվել են նաև 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։ Հրդեհը մարվել է ժամը 23:00-ի սահմաններում։
Գեներալ Տյուլենևի փողոցում, որտեղ գտնվել է բազմաբնակարան շենքը, երթևեկությունը դեռևս սահմանափակված է, հայտնում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը։
Արտակարգ ծառայությունների աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ միջադեպի հնարավոր պատճառ կարող էր լինել գազաբալոնի պայթյունը։
Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ շենքի բնակիչների մի մասին տարհանել են և ուղարկել ժամանակավոր տեղակայման վայր։ Շենքի էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը դադարեցվել են։
Հարուցվել է քրեական գործ։ Հրդեհի հստակ պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։