Ընկերությունը վարձակալում է ինձ պատկանող այգետնակը. Ո՞վ է ասում՝ թաքցրել եմ. ֆինանսների նախարարը՝ «Վարդենի» ՍՊԸ-ի մասին
Ո՞վ է ասում, որ թաքցրել եմ իմ հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքից ստացած եկամուտները, դա սուտ է։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե իրեն պատկանող հյուրատանը ֆինանսների նախարարությունը վերապատրաստման միջոցառում էր կազմակերպել։
Դիտարկմանը, թե ի՞նչն է սուտ, եթե իր տան հասցեում գրանցված հյուրատունը փոխանցվել է Գրիգորի անունով քաղաքացու վրա, բայց ինքը շարունակում է հաշվառված մնալ այդ տանը՝ Հովհաննիսյանը արձագանքեց, թե դա ինչ կապ ունի քիչ առաջ հնչեցված հարցի հետ։
«Լրատվամիջոցն ասել է, որ նախարարության և «Վարդենիս» ՍՊԸ-ի միջև տեղի է ունեցել գործարք, որը թաքցվել է, սա սուտ է։ «Վարդենիս» ՍՊԸ-ն վարձակալում է իմ այգետնակը, որտեղ գործունեություն է իրականացնում։ Սուտ է նաև թե այդ ընկերությունը մասնակցում է պետական գնումներին»։
Հարցին, թե այդ ընկերության տարածքում ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստում է անցկացվել՝ նախարարն ասաց, որ այդ միջոցառումը ֆինանսավորվել է USAID-ի ծրագրերից։ «Նախարարությունն այդ միջոցառմանը որոշակի պարագաներ է վարձակալել միայն»:
Նախարարը նշեց, որ ճանաչում է տունը վարձակալած քաղաքացուն։ «Իմ ընկերն է, ասենք թե»։
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ իր ընկերն է միջազգային դոնորներից գումարներ ստանում՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ֆինասների նախարարության աշխատակազմն է որոշել քննարկումների արդյունքում։ «Նախարարությունն ուզում էր աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպել՝ խմբային աշխատանք իրականացնելու և առաջիկա ծրագրերի մասին խոսելու համար։ Այլընտրանք չկար, քանի որ այն բյուջեն, որ առկա էր՝ բավարար չէր»։
Դիտարկմանը, թե սա կոռուպցիա չէ՞, քանի որ շահերի բախում կա՝ նա պատասխանեց. «Իսկ նայե՞լ եք միջոցառումը որ արվել է, ու դրա համար առանձնացված ծախսը համարժեք են, թե ոչ»:
Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, նրա խոսքով, այն չի հայտարարվել, քանի որ գումարներն իրենք չէին տնօրինում։ Իրականությունն այդքան դրամատիկ չէ, իրականությունն այն է, որ երբ մենք ուզում էինք այդ միջոցառումն անցկացնել՝ այլ հասանելի տարբերակներ այդքան փոքր գումարով չկար։ 300 հոգու համար 2 մլն դրամի կարգի հումար է եղել»։
Հովհաննիսյանն առաջարկեց հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ եթե լրագրողները կարծում են, որ կոռուպցիոն գործարք է եղել։