շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվեց 1,5 տարով

Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվեց 1,5 տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց երկարաձգել Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները՝ համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագրի նախորդ փոփոխությամբ նշյալ ժամկետները երկարաձգվել էին համապատասխանաբար մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը և 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագրով նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը։ Միաժամանակ, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը, ինչպես նաև կնպաստի Սևանա լճից ջրառի կրճատմանը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Վարկային միջոցների մասհանված գումարը կազմում է 70 մլն եվրո գումար, իսկ չմասհանված միջոցների ընդհանուր գումարը՝ 5 մլն եվրո գումար։

Ներկայումս նախատեսվում է Վեդի ջրամբարի և Վեդի գետի իշխման գոտում գտնվող շուրջ 500 հա փորձնական հողատարածքներում կառուցել ոռոգման ներտնտեսային փակ ցանց, որը ֆերմերներին հնարավորություն կտա սկզբնական փուլում իրականացնել մակերեսային ոռոգում և աստիճանաբար անցնել ոռոգման նոր ու արդյունավետ տեխնոլոգիաների (կաթիլային և անձրևացման համակարգեր) կիրառության։

Այս պահին ավարտման փուլում են գտնվում Վեդու ջրամբարի երկու պատվարների (85մ և 17մ) շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի։ Ամբողջությամբ ավարտված են Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ  հանգույցների և ջրի փոխադրող ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներն ու ճնշումային փորձարկումները։ Ավարտված են նաև Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող և Վեդի գետից ինքնահոս սնվող հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները, իսկ փորձնական հողատարածքներում  ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման համար կապալառուների ընտրության մրցութային գործընթացները գտնվում են գնահատման փուլում։

Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2023 թվականի օգոստոսին՝ 16 ամիս տևողությամբ։ Ընդհանուր առմամբ, իրականացվել են Ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 91.6%-ը։

  • Կիսվել: