Վարչապետը հայտնել է Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ արտահանման ցանկության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նախկինում Թուրքիա էլեկտրաէներգիա է արտահանել միջնորդավորված եղանակով՝ նշելով, որ կառավարությունը ցանկանում է նման տնտեսական կապերն իրականացնել ուղիղ։ Վարչապետը նոյեմբերի 18-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է թեմային՝ պատասխանելով պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ քաղաքական շրջանակների արտաքին տնտեսական շահերի վերաբերյալ դիտարկմանը։
Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայի հետ տնտեսական առնչություններ նախկինում ևս եղել են, սակայն դրանց մասին հրապարակային չի խոսվել։
«Եթե նախորդ շրջանում փորձենք նայել՝ Հայաստանից էլեկտրաէներգիան ինչ ուղղություններով է արտահանվել, ոչ ուղղակի, միջնորդավորված՝ Թուրքիա շատ էլեկտրաէներգիա է արտահանվել։ Չի ասվել դրա մասին։ Ինչո՞ւ չի ասվել․ որովհետև միջնորդավորված է արտահանվել»,- հայտարարել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ կառավարությունը նախընտրում է ուղիղ տնտեսական հարաբերությունները։
«Հիմա մենք ուզում ենք, որ ուղիղ այդ ամեն ինչը տեղի ունենա, որովհետև դա նորմալ է»,- ասել է Փաշինյանը։


