երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը

2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում ներկայացնելով 2025 թ. բյուջեի կատարողականը, ասաց՝ 2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024-ի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից՝ 2,3 անգամ կամ 1 տրիլիոն 648,8 միլիարդ դրամով:

«Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև այսպիսով արձանագրվում է, որ 2017-ի համեմատ 2025-ի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն՝ ավելացել է շուրջ 135 տոկոսով: Սա, կարծում եմ՝ շատ էական և կարևոր ցուցանիշ է»,- նշեց Փաշինյանը՝ այդ ցուցանիշի համար շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին:

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ ՀՀ բյուջեն մեր ընդհանուր՝ ՀՀ ընտանեկան բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետբյուջեի նկատմամբ:

«Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են, և ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, այսինքն՝ աճել  120 տոկոսով: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը, և ըստ էության 464,2 միլիարդ դրամով կամ ավելի քան 2,9 անգամ, այսինքն՝190 տոկոսով կապիտալ ծախսերը աճել են: Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք»,- ասաց նա:

Վարչապետը արձանագրեց՝ վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական և սոցիալական ոլորտներում 2025-ի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը, ներառյալ սուբվենցիաների մասը, 2018-ի համեմատ ավելի քան եռապատկվել է՝ ավելանալով 3,5 անգամ: 

  • Կիսվել: