շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վաչե Գաբրիելյանը` Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին

Վաչե Գաբրիելյանը` Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին

Կարծում եմ՝ Կառավարության նիստերն ընդհանրապես պետք է փակ լինեն, չպետք է հեռարձակվեն, հեռարձակումը միայն վնասում է, որովհետև բաց նիստերի պարագայում իրական բանավեճ, բովանդակային դիսկուրս չի լինում, իսկ դիսկուրսի բացակայության պարագայում տեղի է ունենում որոշումների կենտրոնացում:

Նման կարծիք «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյաը: Ըստ նրա, սահմանադրությունը փոխելու համար, հայտնի չէ՝ գործող Սահմանադրության ի՞նչ ախտորոշում կա, ի՞նչ խնդիրներ են բացահայտել, ի՞նչն է աշխատում և ի՞նչը չի աշխատում: Փոփոխելու նպատակներնինձ հայտնի չեն:

Գաբրիելյանը նշեց, որ գոյություն ունի սահմանադրական տնտեսագիտություն հասկացությունը, Հայաստանում ևս կատարվում են նման հետազոտություններ: Օրինակ, այն երկրում, որտեղ չկա մեծամասնական ընտրական համակարգ և ամբողջովին համամասնական ընտրակարգ է գործում, խնդիրներն ավելի շատ են, սահմանափակվում է նոր մարդկանց ներգրավումը:

«Մենք ունենք քաղաքական համակարգ, որտեղ կուսակցությունները կայացած չեն: Աշխարհում կա հետազոտություն, թե ինչո՞ւ մեր օրերում ստանդարտ կուսակցություններն ավելի քիչ պահանջված են դառնում, որովհետև կա ինֆորմացիայի մեծ հոսք, որը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնակազմակերպվելու և շատ ավելի փոքր միավորների բաժանվելու: Այսօր տրադիցիոն կուսակցությունները խնդիրներ են ունենում»,- նշեց նա:

Անդրադառնալով կառավարության մինչև 2050 թվականի զարգացման ծրագրին` Գաբրիելյանը ընդգծեց, որ որևէ երկիր, որն ունի մինչև 2050 թվականի ռազմավարություն, այդքան մեծ հորիզոնով երկրի զարգացումը որևէ մեկը իրատեսական չի համարել պլանավորել, նույնիսկ Խորհրդային Միությունում այդքան մեծ հորիզոնով չէին պլանավորում: «Կառավարության ծրագիրը, նպատակներից բացի, չունի ռեսուրսների հստակ հաշվարկներ:

Ունի սոցիալական ուղղվածություն, որն այդ տրամաբանությամբ մոտ է ՀՅԴ գաղափարախոսությանը, մասնավորապես, ունենալ այնքան աշխատավարձ և թոշակ, որը կհամապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին, որևէ երկրում սա օրենքով չեն ամրագրում»,- նշեց նա: Ինչ վերաբերվում է մինիմալ աշխատավարձի մինչև 100 հազար դրամ բարձրացմանը, ապա դա, ըստ փորձագետի, այսօր Հայաստանի համար ծանր բեռ կլինի: «Կլինի կամ աշխատատեղերի կրճատում, կամ դրա փոխարեն՝ անցում ստվերին»,- ընդգծեց նա: Գաբրիելյանը նաև ասաց, որ տնտեսությունը չի կարող ենթարկվել հեղափոխական փոփոխությունների, եթե հեղափոխական ներդրումներ չեն արվում:

«Չեմ կարծում, թե կլինի ներդրումների հորդում Հայաստանում: Կլինեն հետաքրքրվող, հատկապես տեղական բիզնեսից, բայց ոչ շատ: Դրսից էական ներդրումներ չեմ սպասում: Կան որոշակի ճյուղեր, մասնավորապես՝ Երևանի շուրջ գործող, որոնք կարող են զարգանալ, սակայն էական ներդրումներ Սյունիքում կամ այլ մարզերում չեմ տեսնում»,- նշեց նա: Խոսելով երկրի տնտեսական աճի մասին` Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանում տնտեսական աճը վերականգնողական տեսակետից տարածաշրջանի երկրների համեմատությամբ ցածր է:

«Գնաճը նույն համեմատությամբ ցածր է, ունենք իրավաբանական անձանց վարկավորման նվազում»,- նշեց նա` ընդգծելով, որ 2022թվականի մայիսից հետո զարգացման տեմպերը փոքր ինչ կդանդաղեն: Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի պայմաններում կիրառված տնտեսական միջոցառումներին, ապա դրանք, ըստ Գաբրիելյանի, տնտեսական լոքդաունի ժամանակ պետք է կրեին «կրակը հանգցնելու», և ոչ թե՝ հեռանկարային պլանների բնույթ: Խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, փորձագետը ընդգծեց, որ Թուրքիայում գյուղմթերքի արտադրությունը սուբսիդավորվում է:

«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական ապրանքները լինելու են շատ ավելի մրցունակ: Էրդողանի որդեգրած քաղաքականության շնորհիվ Թուրքիայի արտահանման պոտենցիալն ավելի մեծ է»,- նշեց նա: Անդրադառնալով ապօրինի գույքի առգրավման գործընթացին` Գաբրիելյանը շեշտեց, որ ապօրինի գույքի առգրավումը ֆիսկալ առումով եկամտի լուրջ աղբյուր դժվար թե լինի: «Եթե առգրավված գույքը դառնա ոչ մեկինը՝ եկամուտ չեն գեներացնելու, բյուջե հոսքեր չեն լինելու, չկան հոսքեր՝ չի լինի տնտեսության աճ»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: