ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան

Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան

Կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին: Այն նաև ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն կտա։ Այդ մասին «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը Կառավարության հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

«Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը: Ընդ որում՝ Կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին»,- ասաց Անի Իսպիրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ուղերձը միջազգային ներդրումային հիմնադրամներին է ուղղված. «Այսպիսով, մենք ուզում ենք հրավիրել և խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս պարզաբանեց, ըստ այդմ՝ միջազգային 1 միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է:

«Նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակությամբ և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական ներկայություն է, այլև առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը վաղուց շրջանառության մեջ էր, «ֆոնդերի ֆոնդ» կամ այլ անուններով էր անվանվում:

«Կարևորն այս ուղերձը հրապարակելն է: Կարևոր չէ՝ «ֆոնդերի ֆոնդ» Կառավարությունը կունենա՞, թե՞ չէ, քանի՞ այդպիսի ֆոնդ կգա Հայաստան և կստեղծի մասնավոր ներդրումային ֆոնդ, Կառավարությունը մեկնարկային աջակցություն կցուցաբերի, որպեսզի նա ունենա ընդլայնման ավելի լայն ու ճկուն հնարավորություն»,- ասաց Տիգրան խաչատրյանը:

  • Կիսվել: