Թթվասերից մինչև ուղտերի քարավան ու մեծ կտոր ականջ. Փաշինյանի դասախոսությունը՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
Շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը, արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ այս կամ այն չափով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է, հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է, ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և կենսագործունեությունը։
Պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է։
Հիմա հասկանանք, թե ինչպես է բյուջեն ձևավորվում։ Եթե վերցնենք 2026 թվականի առաջին վայրկյանները։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները զրո են։ Պատկերավոր ասած, եթե դա համարենք զրոյական կետ, այդ պահին Հայաստանի պետական բյուջեում ոչ մի լումա չկա։ Ուրեմն կեսգիշերի դրությամբ և նույնիսկ մի ժամ անց, երկու ժամ անց, նույնիսկ երեք ժամ անց, նույնիսկ չորս և հինգ նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները զրո են։
Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հետևյալ հարկերից՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։
Ենթադրենք, գիշերը արտադրողը արտադրում է թթվասեր, թողարկման պահին գոյանում է ավելացված արժեքի հարկ։ Բայց այդ հարկը մտնում է պետական բյուջե, այդ ապրանքի շրջանառության արդյունքում, երբ օրինակ, քաղաքացին իր բակի խանութում գնում է այդ թթվասերը՝ վճարելով 400 դրամ, այդ պահից սկսվում է բյուջեի համարման գործընթացը։ Այդ 400 դրամի մեջ 20% -ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է։
Քաղաքացին տալիս է գումարը բյուջեին, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է ուրիշների կողմից։ Եվ ահա այս շրջանառության ոչ ստվերայնությունը ապահովելու համար շատ կարևոր է, որ թթվասերը գնելու պահին խանութը դուրս գրի ՀԴՄ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ, ըստ էության, պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը և արդյունքն է։
«Եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեները պատշաճ եկամտային և ծախսային հոդվածներ չունենան, ՀՀ որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի, անհնար է։
Ասենք, մարդ կարող է ասի՝ բայց ի՞նչ կապ ունի ինձ հետ, իմ բարեկեցության հետ պետական բյուջեի ծախսային հոդվածը: Ես շատ փող ունեմ, ինձ համար աննկարագրելի դղյակ եմ կառուցում: Բայց բացառված է, որ մարդն իր դղյակում բարեկեցիկ ապրի, եթե եթե չլինի կոյուղի, օրինակ, կամ չունենա ջրամատակարարում, չունենա էլեկտրականություն։ Եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։
Ենթադրենք, քարավաններով էր բերում շինանյութը այդ բարեկեցիկ մարդը։ Եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները հինգ րոպեում այնպես կթալանեն, որ մեծ կտորը կմնա քարավանի ուխտի ականջը, եթե իհարկե քարավանը ուխտից է։
Այդ քաղաքացին կարո՞ղ է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի։ Իսկ եթե պարզվի, որ 1.03 զանգելիս, շտապօգնությունը ավտոմեքենա չունի, աշխատող բժիշկ չկա, իսկ եթե պարզվի, որ 1.03-ում չկան անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ։ Այդ դղյակում կարո՞ղ է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց»,– հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ որևէ քաղաքացու քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին, ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին նրանից, թե ինչքան է պետական և համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։
Փաշինյանը հայտարարեց, որ բյուջեի նկատմամբ ընկալումը պետք է փոխվի. «Պետական բյուջեն է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և այլն։ Եթե բավարար չի անվտանգությունը և բարեկեցությունը, ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում»։


