շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թոշակառուների առողջության ապահովագրումը պետությունը կվերցնի իր վրա

Թոշակառուների առողջության ապահովագրումը պետությունը կվերցնի իր վրա

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգին զուգահեռ՝ կգործի կամավոր ապահովագրման համակարգը, այսինքն՝ քաղաքացին, որ կուզի կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրման այդ կարևոր մասը: 2026-ին կամփոփենք: 2027թ.-ից արդեն կգործի համապարփակ, պարտադիր ապահովագրությունը՝ բոլորի համար»,-ասաց Ավանեսյանը:

Ապահովագրական փաթեթը ներառելու է հետազոտություններից մինչ վիրահատություններ, նույնիսկ դեղորայք, սակայն չի ծածկելու պլաստիկ վիրահատությունները:

Նախարարի խոսքով՝ չի լինելու եկամտից կախված վճարային համակարգ. ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա և քաղաքացին ամսական վճարում է կատարելու:

Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն գործատուի կողմից, իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, իրենք պետք է անեն ամսական վճարումը:

«Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի որոշ չափը», - նշեց նախարարը:

 

  • Կիսվել: