ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ

Տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ

Գործադիրը հավանություն տվեց ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաև համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։

Ընդ որում, օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին, համաձայն որի՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Միաժամանակ, նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով պատշաճ ծանուցումն իրականացնել միայն համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի համացանցային կայք էջում հասանելի /swis.trade.gov.am/ «Միասնական հայտ» համակարգի միջոցով։

  • Կիսվել: