երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսության իրական  հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող ոլորտներին․ Անանյանը՝ 1000 խոշոր հարկատուների մասին

Տնտեսության իրական հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող ոլորտներին․ Անանյանը՝ 1000 խոշոր հարկատուների մասին

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը անդրադարձել է ՊԷԿ-ի կողմից հրապարակված 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին․

«Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։

Այսպես․ ցանկը գլխավորող առաջին եռյակը նույնն է․ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» (ինչպես 2022-ին, 2023-ին ևս առաջինն է), «Գրանդ տոբակո» (2022-ին երրորդն էր, 2023-ին՝ երկրորդը) և է «Գազպրոմ Արմենիան» (2022-ին երկրորդն էր, 2023-ին՝ երրորդը)։

Առաջին տասնյակում են կրկին «Մոբայլ սենթր արթ» (որը «խիստ» բարելավել է իր դիրքերը՝ 2022-ին 7-րդ հորիզոնականից 2023-ին տեղափոխվելով 4-րդ հորիզոնական), «Ջի Թի Այ Արմենիա» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունները։

Հատկանշական է, որ 2023-ի առաջին տասնյակում նախորդող տարվա համեմատ, չեն գտնվում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։

Ուշագրավ է, որ 2023-ին առաջին տասնյակ են «ներթափանցել» «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Ամերիաբանկ» և «Արդշինբանկ» ընկերությունները։

«Վայլդբերրիզ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արդյունք է 2023-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջինիս՝ խոշոր ԱԱՀ վճարող դառնալու հանգամանքով։

«Մոբայլ սենթր արթ» ընկերության դիրքերի «բարելավումը», ինչպես նաև և «Փրիթի Ուեյ» ընկերության՝ այս ցանկում հայտնվելը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում տեխնիկայի, հիմնականում՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծման ու Ռուսաստանի շուկայում վաճառքի (վերարատահանման) ծավալների ավելի քան կտրուկ աճի ուղղակի արդյունք է։

ՀՀ բանկային ոլորտը ներկայացնող «Ամերիաբանկը»-ի ու «Արդշինբանկ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արտացոլում է իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցված ծառայությունների կտրուկ աճի հաշվին ՀՀ բանկային ոլորտում գերշահույթների ստացման հանգամանքը։

Եթե ամփոփենք, ապա, ըստ էության, տնտեսության իրական (արտահանելի) հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: