չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թերություննների պատճառով 148 սուբվենցիոն ծրագրեր առկախվել են. Պապիկյան

Թերություննների պատճառով 148 սուբվենցիոն ծրագրեր առկախվել են. Պապիկյան

2019 թվականին տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 90.3%-ը, ինչը կազմում է 60.3 մլրդ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թ-ի պետական բյուջեի հաշվետվության ժամանակ ասաց  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի ցուցանիշները։

Նրա խոսքով, շեղումը հիմնականում պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրման և ԵՄ աջակցությամբ իրականացվող ՀՀ տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի կատարողականով։

Ըստ Պապիկյանի, նախորդ տարի ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է մարզերին հատկացված սուբվենցիաների 65.9%-ը՝ 6,4 մլրդ դրամ։ Միջոցառման շրջանակներում 2019 թ-ին նախատեսված 259 համայնքից փաստացի սուբվենցիա է ստացել 248-ը։

«Եղանակային պատճառներով  պայմանավորված չավարտված և առկա շինարարական թերությունների վերացման համար 148 սուբվենցիոն ծրագրեր առկախվել են և պայմանագրերի ժամկետները երկարացվել են մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը։ Այժմ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-  ընդգծեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում էլ նախատեսված ֆինանսական աջակցությունը ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 502 համայնքների։ Ընդհանուր առմամբ, հատկացվել է 51,1 մլրդ դրամ դոտացիա։

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներին, ապա նախորդ տարի տրամադրվել է 731,3 մլն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78.7%-ը, ինչը պայմանավորված է համայնքների կողմից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով։

Բացի այդ, 2019 թ-ին շուրջ 4,9 մլն դրամ պետական աջակցություն է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ աշխատակազմի պահպանման ծախսերի համար, ինչը կազմել է ծրագրված ցուցանիշի 99.1%-ը։

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ քաղաքային զարգացման ծրագրի ծախսերի 2019 թ-ի կատարողականը կազմել է 67.3% կամ 19,4 մլրդ դրամ։ «Շեղումը պայմանավորված է տվյալ բնագավառում արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականով»,- ասաց նախարարը։

Ըստ նրա, ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների համար տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում օգտագործվել է 902,7 մլն դրամ՝ նախատեսվածի 39.6%-ը,  470,1 մլն դրամ՝ նախատեսվածի 25.5%-ը, 130,3 մլն դրամ՝ նախատեսված է 36.3%-ը։

«Ծրագրի կատարողականը պայմանավորված է նրանով, որ համայնքային փողոցների նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում կան բազմաթիվ ստորգետնյա էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ կոմունիկացիոն խնդիրներ, որոնք ցավոք որևէ տեղ արձանագրված չեն և նախագծային աշխատանքներ կատարելիս դրանց մասին տեղեկատվություն ստանալ հնարավոր չէր»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, նախորդ տարի Գյումրիում հիմնանորոգվել և կահավորվել է 12 կմ քաղաքային ճանապարհ  և մեկ հրապարակ հարակից մայթերով. «Գյումրու պատմական միջուկը բավականին գեղեցկացել է։ Բնականաբար, ծրագիրը շարունակական է լինելու և ակնկալում ենք, որ առաջիկայում շինաշխատանքները կրկնապատկվելու են»։

  • Կիսվել: