շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ 1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ: 2 2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։ 3. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 4. Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյան, Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, Ոսկեպար բնակավայրի բնակիչ Սերոբ Մախսուդյանը։

  • Կիսվել: