ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տարեսկզբից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մի շարք նոր կարգավորումներ են գործարկվել

Տարեսկզբից ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մի շարք նոր կարգավորումներ են գործարկվել

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2024 թվականը կարևոր փոփոխությունների տարի է համարում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի համար։

Հունվարի 15-ի ասուլիսին Հակոբ Սիմիդյանն, անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին, նշեց, որ հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառու կամ ջրախնայող համակարգով։

«Մենք 2022 թվականին էինք ջրային օրենսգրքում այս կարգավորումներն արել: 2023 թվականին նաև կարգը մշակեցինք, թե ինչ նկատի ունենք փակ շրջանառու համակարգ, ջրախնայող համակարգ ասելով։ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի պաշարների ոչ արդյունավետ կառավարումը բավականին տխուր պատկերի է մեզ արդեն հասցրել: Համոզված ենք, որ այս կարգավորումը մեզ համար կենսական նշանակություն ունի»,-պարզաբանեց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ այս կարգավորումով կզարգանա պաշարների վերականգնման գործընթացը։

2024 թվականի հունվարի 1-ից գործող մեկ այլ կարգավորմամբ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատեն։

«Բոլոր տնտեսվարողներն իրենց ջրառի գետերում պետք է ունենան առցանց ջրաչափեր, որի արդյունքում մենք օնլայն ռեժիմով կհետևենք, թե ինչպես է նրանց կողմից օգտագործվում մեր թույլտվությամբ տրամադրված ջուրը»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այս տարի առցանց ջրաչափեր կտեղադրվեն նաև էկոթողքի գետերում, ինչը ցույց կտա գետերում ջրի համապատասխան ծավալի առկայությունը կամ նվազումը։

  • Կիսվել: