Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք
Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք։ Խոսքը վերաբերում է Գյումրի քաղաքում իրականացվող «Կուրսկի» այգու (Բուլվարային թաղամաս), գյումրեցի ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան պուրակի (Թբիլիսյան խճուղու հարակից հատված) և Իսահակյան փողոցի այգու մի հատվածի բարեկարգման աշխատանքներին։
««Համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 130 մլն 677 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Այն ներառում է նաև Մովսես Խորենացի փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգու կառուցման աշխատանքները»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակզմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունյունից։