երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սպառողական վարկավորման ոլորտում աճի զգալի ներուժ է կուտակվել. Արմեն Նուրբեկյան

Սպառողական վարկավորման ոլորտում աճի զգալի ներուժ է կուտակվել. Արմեն Նուրբեկյան

Հայաստանում սպառողական վարկավորման ծավալների աճի վերաբերյալ մտահոգվելու առիթ այս պահին չկա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Amundi-ACBA Asset Management կենսաթոշակային ֆոնդերի կառավարող ընկերության կողմից կազմակերպված տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային նստաշրջանի ընթացքում:

՛՛Բայց մենք տեսնում ենք, որ սպառողական վարկավորման աճի ներուժ է կուտակվել՛՛, - նկատել է նա: Դա պայմանավորված է, ըստ ԿԲ ղեկավարի տեղակալի, այն հանգամանքով, որ աճել են նաև բնակչության եկամուտները։

Բացի այդ, նա նկատել է, որ կարգավորիչի կողմից դրամավարկային քաղաքականության թուլացումը և տոկոսադրույքների նվազումը նույնպես նպաստել են սպառողական վարկերի աճին։ Ընդ որում, Նուրբեկյանը նման աճը միանգամայն առողջ է անվանել։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հիփոթեքային վարկերը հասել են սպառողական վարկերի ծավալին՝ գերազանցելով 1 տրլն. դրամը: ՛՛Առաջին անգամ է, որ նման համաչափ պորտֆելներ ունենք՛՛,-ասել է նա:

Նուրբեկյանը նկատել է, որ 2020 թվականից հետո սպառողական վարկավորման մասով լճացում է եղել, աճ է գրանցվել միայն վերջին մեկ տարվա ընթացքում: ՛՛Եվ մենք դրամավարկային քաղաքականության համատեքստում դրան հատուկ ուշադրություն ենք դարձնում՛՛,-եզրափակել է նա:

  • Կիսվել: