կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սոթքում հրետակոծության հետևանքով ավերված ու հիմքից կառուցվող 4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով

Սոթքում հրետակոծության հետևանքով ավերված ու հիմքից կառուցվող 4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում 2022 թվականի թշնամական հրետակոծության ժամանակ ավերված ու հիմքից կառուցվող  4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ Սոթք բնակավայրում դիտարկել է 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն 66 հազար 500 դրամ, որից 2023 թվականին ծախսվել է 40 միլիոն  82 հազար 900 դրամը։

2024 թվականին ՀՀ կառավարության որոշման համաձայն թվով 4 տների կառուցման աշխատանքները ավարտելու նպատակով հատկացվել է ևս 79 միլիոն 983 հազար 610 դրամ։

Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից և ավարտին կհասցվեն 2024 թվականի դեկտեմբերին։

Կարեն Սարգսյանը զրուցել է շինարանների հետ, արել համապատասխան դիտողություններ ու առաջարկություններ և հույս հայտնել, որ շինարարները բնակարանների կառուցման աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում։

  • Կիսվել: