հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին

Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին

Առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ներառելով հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին: Այսինքն՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված հարկի հաշվին վերջիններս կարող են հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավավաբական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, կուսակցություններին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 17-ի նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հատկացումները կատարվելու են հետևյալ ընթացակարգով. հարկային մարմնում ստեղծվելու են ՀԿ-ների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ցանկեր, որոնք հարկային մարմինը հրապարակելու է:

«Ցանկերում կարող են ներառվել Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած ՀԿ-ները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտները և կուսակցությունները:

Ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը, և պետական գերատեսչությունները կազմակերպելու են գումարի փաստացի փոխանցման գործընթացը: Ընդ որում՝ հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ ՀԿ-ին, որևէ լրատվամիջոցին կամ որևէ կուսակցությանը»,- ասաց նա:

Նախագծի նպատակն է ՀԿ-ների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական անկախության և թափանցիկության բարձրացման, ազատ և անկողմակալ խոսքի զարգացման, բնակչության հետ կապի հետ ամրապնդման նպատակով կառուցակարգերի ձևավորումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա ժողովրդական բարեփոխումների հերթական փուլ է, որտեղ ՀԿ-ները, լրատվամիջոցները, կուսակցությունները կարող են ունենալ ժողովրդական ֆինանսավորում:

«Մենք նաև սրանով, այդ թվում՝ լրատվամիջոների, կուսակցությունների, ՀԿ-ների համար ստեղծում ենք խթաններ, որպեսզի նրանք էլ համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրահռչակեն, նաև իրենք էլ որոշակի շահագրգռություն ունենան, որպեսզի քաղաքացիներն անմիջականորեն հայտարարագրումով զբաղվեն, այսինքն՝ ինքնաշխատությունից դուրս ավելի ու ավելի շատ զբաղվեն իրենց եկամուտների հայտարարագրմամբ՝ սրանից բխող օգուտներով»,- ասաց Փաշինյանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ևս կարևորեց որոշման նախագիծը՝ նկատելով. «Մեխանիզմ ենք ստեղծում, որ երբ ՀԿ-ն, ԶԼՄ-ն կամ կուսակցությունը հանրային բարիք է ստեղծում և տեսանելի [բարիք], մարդիկ իրենք են ուզենալու օգնել հանրային բարիքի ստեղծմանը: Մեր դաշտում դա շատ հրատապ անհրաժեշտություն է»:

  • Կիսվել: