ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սխալ սպասումներ մի' ձևավորեք, ոչինչ անսահմանափակ չէ. Ավանեսյանը` պետպատվերի եւ օֆերտայի մասին

Սխալ սպասումներ մի' ձևավորեք, ոչինչ անսահմանափակ չէ. Ավանեսյանը` պետպատվերի եւ օֆերտայի մասին

Շատ կարևոր է ճիշտ ակնկալիքներ ձևավորելը և որևէ բան անսահման չի լինում, առավել ևս, եթե դա կապված է բյուջեի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ թեև օֆերտայի պայմանագրերը նախատեսում են անսահմանափակ ծառայությունների մատուցում, այնուամենայնիվ տարվա վերջում ԲԿ-ները քաղաքացիներին ասում են՝ պետպատվերը վերջացել է:

«Առողջապահությունը ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում իրականացնում է բուժսպասարկումը։ Օֆերտայի տրամաբանությունն այն է, որ ոչ թե ամեն ԲԿ ունենա պայմանագրային գումար և սահմանափակ ծառայությունների շրջանակ, ինչը տարիներ ի վեր այդպես էր մեր պետական պատվերի տրամաբանությունը, այլ մենք ունենք ամեն ծրագրի տարեկան, եռամսյակային, և ամսական ընդհանուր չափեր, թե ինչքան կարող ենք մենք ծառայություններ մատուցել։ Ես կխնդրեմ դրա համար մեր քաղաքացիների մոտ սխալ անկալիքներ չսերմանել՝ ասելով, որ ամեն ինչ պետք է լիներ անսահմանափակ, որևէ բան անսահմանափակ չի լինում։

Հայաստանում մեր օֆերտայի շրջանակներում կան հասանելիության հնարավորություններ: Մեր բուժհաստատությունների ռեսուրսները անսահմանափակ չեն և ֆինանսական միջոցները անսահմանափակ չեն, բայց մենք հասել ենք նրան, որ ըստ դիմելիության մենք սպասարկում ենք մեր քաղաքացիներին։ Ըստ էության, 2024 թվականին բուժսպասարկումից օգտվելու հերթեր չեն եղել, որ երկու ամսից ավել լինեն։ Միայն դժվարամատչելի հետազոտությունների մասով մեկ-երկու շաբաթվա ընթացքում կարող է լինել մինչև երեք ամիս, բայց ընդհանուր առմամբ վերջին չորս ամիսներին անձը դիմել է բուժօգնության և ստացել է իր բուժօգնությունը։ Սա նշանակում է, որ ըստ էության, մենք մեր խոստումը, որ քաղաքացին իր կարիքին համապատասխան անհետաձգելի բուժօգնությունը ստանում է նույն րոպեին, երբ անհրաժեշտ է, պլանային բուժօգնությունը ստանում է հերթագրման սկզբունքով և այդ հերթերն էլ այնպես են կառավարվում, որ քաղաքացին երկար չսպասի»,- հայտարարեց առողջապահության նախարարը:

Նա ընդգծեց, որ մինչև երեք ամիս հերթերը համարվում են պլանային բուժօգնության համար նորմալ հերթեր. «Հայաստանում մեր խոստումը, որ քաղաքացիները պետք է ստանան բուժօգնությունը հնարավոր իրենց ցուցված շրջանակներում, ապահովվում է: 2024 թվականին էլ ըստ կարիքի բյուջետային միջոցները ավելացել են և դիմելիության աճին համընթաց տրամադրվել են»:

Անդրադառնալով ընդհանրապես ֆինանսավորման մեխանիզմներին, Ավանեսյանն ասաց. «Առողջապահական համակարգի ֆինանսավորման մեխանիզմն այնպես է, որ տարին ավարտվում է դեկտեմբերի 15-ին, իսկ հաջորդ 15 օրվա համար կատարողականի ամփոփումը և դրա ֆինանսավորումը եղել է ոչ թե հունվարին, այլ փետրվարին: Մենք այս տարի փոփոխել ենք և մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար վճարումները իրականացվել են, հենվելով նախորդ ամիսների միջին ցուցանիշի վրա: Դեկտեմբերի 17-18-ին, երբ որ ամփոփել ենք, տեսել ենք, որ միջին ցուցանիշից հավելյալ ծառայություններ ենք մատուցել, ինչը նորմալ է, բայց դեռ ուսումնասիրության շրջանակներում է։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ այդ հավելյալ միջին ցուցանիշից ավել արված ծառայությունները հավաստի են, մատուցված են, ֆինանսավորումը կիրականացվի:

Այսինքն առաջին անգամ հիվանդանոցները ոչ թե կստանան փետրվարին իրենց հունվարի կատարած աշխատանքը և այն 15 օրվա, այլ այս առաջին մի քանի օրվա ընթացքում մինչև շաբաթվա վերջը։ Այսինքն մենք դեռ չենք էլ ավարտել ֆինանսավորումը, որ խոսենք պարտքերի մասին»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: